RSS

Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք

28 Mar

 « Չկա ոչինչ ավելի լավ, քան կյանքն ապրել` է՛լ ավելի կատարյալ դառնալու ձգտմամբ»:

Սոկրատես

Կատարելության հասնելու համար մարդ պետք է առաջին հերթին ճանաչի ինքն իրեն: Իսկ ինքնաբացահայտման գործընացն անվերջ է: Մտածելու եւ ընտրելու ազատությունը, որ մարդկային էակին տրվել է ի վերուստ, պետք է խթան հանդիսանա ինքնաբացահայտման ճանապարհին…

Օրերս «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպվել էր` «Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք» խորագիրը կրող դասընթաց:

Համատեղելով թանգարանները եւ կրթությունը` դասընթացի կազմակերպիչները ցանկանում են այդպիսով սկիզբ դնել Հայաստանում մինչ այժմ չիրագործվող` «Ինտելեկտուալ տուրիզմ» ասվածին: Այն է` ուսուցման և ճանապարհորդության համադրություն` մեկ ծրագրում:

Image

Գաղափարը հայտնի էր դեռեւս անցյալ դարի քառասունական թվականներին: Առաջին անգամ այն կիրառել է Հովսեփ Օրբելին` Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում ստեղծելով ուսուցողական կենտրոններ դպրոցականների համար:

Հայաստանում գաղափարն առաջին անգամ կիրառվել է` թանգարանները որպես միջավայր օգտագործելով` բնապահպանական կրթություն մատուցելու համար: Այնուհետեւ, ցկյանս ուսումնառության գաղափարի կողմնակիցները որոշել են թանգարաններն օգտագործել ոչ միայն բնապահպանական, այլեւ` տարատեսակ կրթություն տրամադրելու համար` ինչպես երեխաններին, այնպես էլ մեծահասակներին:

Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք 2

«Մեր նպատակն է համատեղել թանգարանը եւ կրթությունը` հաճելին եւ օգտակարը: Այնպես անել, որ ուսուցման գործընթացը լինի առավել հաճելի եւ արդյունավետ»,- ինձ հետ զրույցում նշեց «ԱԶԳԿ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ղուկասյանը:

Այս դասընթացի մասնակիցներին, ովքեր տարբեր բնագավառների մասնագետներ էին, այստեղ էր բերել հետաքրքիր թեման եւ ոչ սովորական իրականացման ձեւը: Նունե Մելքոնյանը, ով մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է, հատկապես հետաքրքրված լինելով Թումանյանի կյանքով` դասընթացի ժամանակ փորձել է համադրել Թումանյանի կյանքի եւ ինքնաբացահայտման դրվագներն իր սեփական կյանքի հետ:

Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք 3

«Սա ոչ միայն ինքնաբացահայտման մասին բիզնես թրեյնինգ էր, այլ դրա հիմքերում ընկած էին պատմական, մշակութային դրվագներ, որոնք նաեւ մեզ են բնորոշ»,- նշեց Նունեն:

Ներկաները` տպավորված եւ ինքնաբացահայտման իրենց ուղին շարունակելու նոր ոգեւորությամբ, լքեցին Թումանյանի թանգարանը, որտեղ մնաց ամենայն հայոց բանաստեղծը` դեռեւս չբացահայտված իր կենդանի ներկայությամբ:

Ջեննի Կազումյան

 

Tags: , , , , ,

One response to “Ինքնաբացահայտում` թումանյանական հայացք

  1. Lusine Hakoyan

    April 5, 2012 at 11:11 am

    Շատ հետաքրքիր գաղափար է ներմուծվել Հայաստան, կարծում եմ այս ամենը կբարձրացնի դասընթացների արդյունավետությունը: Շնորհակալություն բլոգի հեղանիակին նման տեղեկության տարածման համար:

     

Leave a comment