RSS

Tag Archives: Տավուշի թեմ

Փոքրիկ սուրբ Հովհաննեսը երեք տարեկան է

ՋԵՆՆԻ ԿԱԶՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի 7, շատերի համար սովորական մի օր, սակայն ոչ Կազումյանների եւ Սահակյանների համար: Երեք տարի առաջ` հենց սեպտեմբերի 7-ին, նրանք վերականգնեցին իրենց պապերի ուխտն Աստծո հետ` Իջեւանի բարձրունքում կառուցելով աղոթատեղի:

Սուրբ ՀովհաննեսՍուրբ Հովհաննես մատուռը, կարծես մի սպիտակ աղավնի` ծվարած Իջեւանի ջինջ երկնքի տակ, դարձավ նոր օղակ Բարձրյալի եւ իջեւանցիների միջեւ: Այն իր ուրույն տեղը գտավ հին, պատմական մատուռի կողքին, որը կառուցվել էր դեռեւս 19-րդ դարում` Կազումյանների ազգատոհմի կողմից:  Ասում են` շատ հրաշքներ էին տեղի ունեցել այդ պատմական մատուռում: Տարիների ընթացքում մատուռն ավերվել էր, լոկ մի քանի սուրբ քար էր մնացել առաջվա մատուռից, եւ երազում նշան ստանալով Աստծուց` Սուրեն Կազումյանը որոշեց եղբոր հետ վերականգնել մատուռը: Սակայն տեղեկանալով, որ սուրբ քարերին չի կարելի ձեռք տալ, որոշեցին այդ սուրբ վայրի կողքին մի նոր մատուռ կառուցել:

Եւ ահա փոքրիկ սուրբ Հովհաննեսն արդեն երեք տարեկան է: Այսօր մատուռը սովորականից մարդաշատ էր: Կրկին հավաքվել էին բարեկամներն ու եկել մատաղ անելու եւ աղոթք բարձրացնելու առ Աստված:

Իջեւանի հոգեւոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը նախ օրհնեց մատաղի աղը, ապա կատարեց մատաղի օրհնություն: Աղոթք արեց ննջեցյալների, այս ընտանիքի անցավորների համար, նաեւ օրհնություն խնդրեց Աստծուց, որպեսզի մատաղն ընդունելի լինի Նրա առջեւ, ընդունելի լինեն նաեւ հավաքվածների աղոթքները:

Իր խոսքում քահանան բացատրեց մատաղի խորհուրդը` ասելով.

«Մատաղը մեր արդյունքի մի մասն է, որ բաժանում ենք, բաշխում ենք, մեր ունեցածից տալիս ենք այն մարդուն, ով չունի` որպես ողորմություն, որպես բարեգործություն: Տեր Սիմեոն քահանա ԱռաքելյանՄատաղն օրհնություն է բերում այն մարդուն, ով բաժանում, բաշխում է այդ մատաղը, քանի որ Քրիստոս ինքը բաժանվեց, բաշխվեց մեր մեջ, նույն օրինակով` մենք նյութական արժեքը բաժանում ենք բոլորին»:

«Այս հինավուրց վայրը մի քանի տարի առաջ նորոգվեց, նոր մի սրբավայր ստեղծվեց այստեղ, եւ սա օրինակ է, որ մենք վերստին ձգտում ենք դեպի Աստված, դեպի սրբություն եւ ինչպես որ մարդկային հոգին անընդհատ պահանջ ունի նորոգվելու, նույնպես էլ մեր հավատքն անընդհատ պետք է նորոգվի: Եւ ահա նոր ուխտ ենք կապում Աստծո հետ»,- նշեց տեր հայրը:

Իջեւանի հոգեւոր հովիվն իմ հետ զրույցում պատմեց, որ սուրբ Հովհաննեսում պատարագներ դեռեւս չեն եղել, սակայն եղել են ժամերգություններ: Նա նշեց, որ հնարավոր է սեպտեմբերի 24-ին` սուրբ Գեւորգի տոնին, այստեղ մատուցվի առաջին պատարագը:

«Տարածաշրջանում մեկ քահանա է, ուստի, եթե սկսենք այստեղ պատարագներ անել, ապա հնարավոր է ամիսը մեկ անգամ` շաբաթ օրերին անել»:

Ի դեպ, Տեր Սիմեոնը տեղեկացրեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 9-ից ստեղծվել է Տավուշի թեմ, որի առաջնորդն է տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը:

«Ընդհանրապես մեր կողմերում քիչ են եկեղեցիները, սակայն հոգեւոր կյանքը բավականին աշխույժ է եւ գնալով զարգանում է: Ժողովուրդը սկսում է հոգեւոր կրթություն ստանալ, եկեղեցի հաճախել, մասնակցել արարողություններին»,- նշեց տեր հայրը:

Այս տարի` հիշարժան այս օրը, այստեղ ներկա էր սուրբ Հովհաննես մատուռի հիմնադիրներից միայն մեկը` Սուրեն Կազումյանը, Գարիկ Սահակյանը ներկա չէր, սակայն ներկա էր նրա դուստրը` Սոնան, ում հետ եւ զրուցեցի:

– Սոնա, ի՞նչ նշանակություն ունի այս օրը քո հայրիկի համար:

Սոնա Սահակյան– Այսօրվա օրը ոչ միայն իմ հայրիկի համար, այլ նաեւ ողջ մեր ընտանիքի համար շատ ուրախալի եւ հուզառատ օր է, մենք հպարտություն ենք զգում մեր ապուպապերի համար: Կարծում եմ, որ հայրս նույնիսկ այնտեղ (Մոսկվայում)` հոգով հիմա այստեղ է եւ մտքերով մեր հետ է:

Երեք տարվա ընթացքում, ամեն տարի սեպտեմբերի յոթին, չհաշված բացման օրը, երբ բոլորս այստեղ էինք, մեր ընտանիքից մի հոգի անպայման այստեղ ներկա է լինում: Այս տարի այդ պատիվն ինձ է բաժին ընկել, ես եմ ներկա եւ շատ ուրախ եմ:

-Իսկ ի՞նչ ես զգում, երբ մտնում ես այդ մատուռը:

Երբ մտնում եմ այնտեղ, մի այլ զգացողություն եմ ունենում, կարծես մաքրվում եմ: Սկսում եմ մտածել հայրիկիս մասին, թե ինչ կմտածեր նա: Այսօր մտա, առաջին մոմը վառեցի նրա համար, թեպետ երբեք առաջին մոմը հայրիկիս համար չեմ վառում, առաջինը միշտ շնորհակալություն եմ հայտնում: Այսօր նրա համար վառեցի եւ մտածում էի, թե այդ օրն ինչ է իր համար:

Հիշում եմ` երեք տարի առաջ այս օրը: Հայրս մեկ շաբաթ չէր քնում մինչեւ մատուռի բացումը: Ինձ ասում էր. «Չես պատկերացնի, թե դա ինձ համար ինչ նշանակություն ունի»: Ասում էի, պատկերացնում եմ, ինչպես` չեմ պատկերացնում: Ասում էր. «Ոչ, չես պատկերացնում: Կմեծանաս, կհասկանաս»: Եւ իսկապես, երեք տարի անցավ, ես այսօր այլ բան եմ զգում, անփոխանցելի ինչ-որ զգացում է, ինչ-որ սուրբ մի բան:

Ամեն վայրկյան ես հաղորդագրություն էի ուղարկում հայրիկիս, թե որտեղ ենք, ինչ ենք անում… շատ ափսոս, որ մերոնք այստեղ չեն` հայրս, մայրս, եղբայրներս:

Որոշեցի այս անգամ հանգիստ թողնել պարոն Կազումյանին եւ խոսեցի նրա քրողջ` Ալլա Կազումյանի հետ: (Նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ` այստեղ):

Ալլա եւ Սուրեն Կազումյաններն ու Սոնա Սահակյանը

– Տիկին Ալլա, ի՞նչ խորհուրդ ունի այս օրը Ձեզ համար:

– Նախ այսօր ուղիղ երեք տարի է, ինչ կառուցվել է այս եկեղեցին, եւ վերականգնվել են մեր պապերի ավանդույթները: Մենք ուզում ենք հետեւողական լինել այդ ավանդույթներին եւ, որ մեր երեխաները նույնպես շարունակեն այն հիմքերը, որոնք դրվել են մեր ապուպապերի կողմից:

-Այսինքն այս այցելությունները պարբերական բնո՞ւյթ են կրելու:

-Կարծում եմ` այո, որովհետեւ արդեն երրերդ տարին է այս օրը մենք գալիս ենք, նշում ենք,  մատաղ ենք անում` բոլորի համար, որ բոլորի իղձերը կատարվեն, լինեն երջանիկ, առողջ, ամենակարեւորը` մարդասեր:

Այս հավաքույթներն օրինակ են մեր երեխաների, թոռների համար, որ շարունակեն այդ սովորույթները:  Կարծում եմ` այսօր այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը գտավ հանգստություն իր հոգու համար, կարծես հաղորդակից եղավ երկնային ուժերի հետ, որոնք միշտ մեզ բոլորիս օգնական են: Աստված տա, որ խաղաղություն լինի երկրի վրա, որ մարդիկ կարողանան սիրել, ներել եւ բարեկամություն անել:

Եվ իսկապես, սրանք հոգեւոր արժեքներ են, իսկ մնայուն են միայն հոգեւոր արժեքները:

Advertisements
 

Tags: , , , , ,

 
%d bloggers like this: