RSS

Category Archives: Մշակույթ

Հյուր Ավետիք Իսահակյանին

Շատերի համար դեկտեմբերյան սովորական երեքշաբթի էր, իսկ Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների համար` հիշարժան օր:

Այդ օրը նրանք հյուր էին գնալու հայ ազգի մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն, տուն-թանգարան…

Թանգարանը, որ կարծես ժամանակի բանալի լինի, սկզբում միշտ սառը, խորհրդավոր է, վերջում` ջերմ եւ հարազատ… շատ հարազատ…1-2

Աշակերտները շրջեցին բանաստեղծի սենյակներով, մանրամասն ծանոթացան նրա կյանքին եւ գործունեությանը, տեսան այն սեղանը, որի առջեւ նստում եւ աշխատում էր Ինքը` Ավետիք Իսահակյանը, այն բազկաթոռը, որին թիկնած` երեկոները կարդում էր, ու թվում էր` ուր որ է պատշգամբից ներս կմտնի Բանաստեղծը եւ իր գիրկը կառնի իրեն այցի եկած երեխաներին, ինքը կպատմի պատից կախված նկարի պատմությունը, որտեղ քարավանը Աբու–Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով`քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Ափսոս, նման այցելությունները թանգարաններ շատ քիչ են լինում, եւ աշակերները, ովքեր  դասագրքերի էջերից են սկսում ծանոթանալ Իսահակյանի, Տերյանի, Չարենցի եւ շատ ու շատ մեծերի ստեղծագործություններին, պարզապես փորձում են անգիր անել դրանք` լոկ գնահատականներ ստանալու համար… ու այդպես մնում, ինչպես կասեր Իսահակյանը` «Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»:

2-1Այս տողերը գրելիս` հիշեցի Վարդգես Պետրոսյանի` «Վերջին ուսուցիչը» վիպակը եւ հատկապես այս հատվածը. ««Դարը փոխվել է, դարը…»: Ոչ դարը մեղավոր չէ: Ո՞վ է մեղավոր…: Գրականությունը, այո’, հրեղեն խոսք է, իսկ ինչ ենք մենք (ուսուցիչները) հասցնում երեխաներին այդ հրեղեն խոսքից, մի սիգարեթի ծուխ, մի լուցկու կրակ… Այսինչ վեպի գաղափարական բովանդակությունը, այսինչ պոեմի պատկերները, այսինչ պիեսի դրական եւ բացասական կերպարները: «Հրեղեն խոսքը» կտոր-կտոր ենք անում, մասնատում, տեսակավորում, որ հեշտ լինի վերլուծելը: Բանաստեղծության հեղեղը ճգնում ենք խցկել ջրմուղի խողովակների մեջ եւ բաց թողնել կաթիլ-կաթիլ: Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին: Մենք նրանց ծով ենք մտցնում ազդանշանով եւ թույլ տալիս, որ խորանան մի քանի մետր միայն, ամեն քայլի ստիպում ենք, որ ետ նայեն, հո շատ չհեռացա՞ն ափից: Եվ ծովը դադարում է ծով լինելուց, դառնում է տաք ջրով լողավազան: Այդպես չեն նրանք (աշակերտները) առաջին անգամ շփվում Պուշկինի, Թումանյանի, Տերյանի հետ: Գրականության անհայտ, կախարդական աշխարհը դառնում է թվանշան ստանալու համար տրված «տնային հանձնարարություն»: «Ապա, երեխաներ, ո՞վ կարող է տասը-տասնհինգ կետով վերլուծել «Աբու-Լալա-Մահարի» պոեմի գաղափարական բովանդակությունը: Սկսենք սյուժեից. մի գիշեր արաբ նշանավոր բանաստեղծը վերցնում է ուղտերի քարավանը եւ հեռանում Բաղդադից, ինչո՞ւ է հեռանում, ո՞վ կասի…»»:

Չեմ մեղադրում, քավ լիցի, գուցե իսկապես դարն է փոխվել… բայց շատ կցանկանայի, որ 2012-ին «Համաշխարհային գրքի մայրաքաղաք» հռչակված Երեւանում գիրն ու գրականությունն իսկապես իրենցից արժեք ներկայացնեին, իսկ գրականության հանդեպ սերը դպրոցից է, որ սերմանվում է…

Ու թող հաճախ լինեն նման հիշարժան օրեր աշակերտների համար ու ոչ միայն…

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն կոլաժիստ Կարինե Վարդանյանին եւ «Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնությանը` աշակերներին թանգարան այցելելու 21 տոմս տրամադրելու համար:

 

Tags: , , , ,

Սովորական օրը վերածվեց տոնի

կոլաժների ցուցահանդես-վաճառք

2013 թվականի ապրիլի 14-ն էր՝ մի արեւոտ օր, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն իր հյուրընկալ դռներն էր բացել «Հայաստանի թանգարանների համար» առաջին ցուցահանդես-վաճառքի հյուրերի առջեւ:

Հյուրերը կամաց-կամաց հավաքվում էին: Յուրաքանչյուրի բերած նռով՝ հավաքվում էր նաեւ նռան կոլաժը, որից պետք է ճաշակեին բոլոր ներկաներն՝ իրենց հետ տանելով այդ «մեծ սրտից» մի փոքրիկ մասնիկ:

Կոլաժիստ Կարինե Վարդանյանի (Kare Vartin) աշխատանքներն արդեն սպասում էին ներկայանալու ցուցահանդեսի այցելուներին եւ գտնելու իրենց ապագա տերերին:

Տեղի ունեցավ բացման արարողություն, որի շրջանակներում ներկայացվեցին միջոցառման նպատակները, մասնակցության հավաստագրեր եւ շնորհակալագրեր տրվեցին՝ «Հայաստանի թանգարանների համար» առաջին ցուցահանդես-վաճառքին աջակցած անհատներին եւ կազմակերպություններին:

2Վառվեց ցուցահանդես-վաճառքի բացումն ազդարարող՝ խորհրդանշական մոմը:

Օրվա կապակցությամբ «Մարան» ընկերությունը հյուրերին «Մ. Փարաջանով» տեսակի նռան գինի հյուրասիրեց:

Հարկ է նշել, որ ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր նկարչուհի Թագուկը, նույն ինքը`դերասանուհի Թագուհի Հակոբյանը, ով ավելի քան 65 տարի հանրությանը հայտնի է իր մարմնավորած կերպարներով եւ արդեն 20 տարուց ավել՝ թղթե փոքրիկ, գունավոր կտորներից պատրաստած ոչ սովորական կտավներով:

Նկարչուհին նույնպես ողջունեց ներկաներին: Մթնոլորտը ջերմ էր եւ մտերմիկ:

Նշեմ, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված 50 աշխատանքներից 10-ն այդ օրը գտավ իր տերերին: Իսկ վաճառքից գոյացած հասույթի 30 տոկոսը նվիրվեց Փարաջանովի տուն-թանգարանին:

3Նախաձեռնությունը, լինելով շարունակական, նպատակ ունի աջակցել Հայաստանի թանգարաններին ու խթանել թանգարաններ եւ պատկերասրահներ մարդկանց այցելությունները, ինչես նաեւ ամեն անգամ դրամական աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող որեւէ անհատի: Այս անգամ որոշակի օժանդակություն արվեց ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի:

Այս ցուցադրությունն առաջինն էր, բայց ոչ վերջինը. շուտով կհանդիպենք մեկ այլ թանգարանում:

Ջեննի Կազումյան
(Նյութը կարող եք գտնել նաեւ “Mynews” կայքի իմ էջում)

 

Tags: , , ,

«Մեծ սրտից» մի փոքրիկ մասնիկ

"Гранатовый сок"

2008 թվականն էր՝ մի անձրեւոտ օր, երբ տիկին Կարինեն թոռնիկների հետ թանգարան այցելեց: Քանի որ խոստացել էր, ո՛չ մռայլ եղանակը, ո՛չ անձրեւը խոչընդոտ չեղան: Այցից հետո նա մի տեսակ մտահոգված էր…

Անվանի գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, մնայուն արժեքներ, հարուստ մշակութային ժառանգություն…Հայաստանն իսկապես պարծենալու տեղ ունի, որովհետեւ հայ մայրերն են ծնել Չարենց, Տերյան, Սարյան, Քոչար, Փարաջանով… շատ ու շատ անուններ, որ մեծ դեր ունեն ինչպես հայկական, այնպես էլ՝ համաշխարհային մշակույթի ձեւավորման գործում:

Ցանկացած հայ մարդ հոգու խորքում գիտակցում է սա, սակայն առօրյա հոգսերն ու հացի խնդիրն այսօր կարծես հետին պլան են մղել մշակույթի հետ ծանոթանալու, շփվելու եւ հոգեւոր կերակուր ստանալու կարեւորությունը:

Թերեւս սա էր Կարինե Վարդանյանի (Kare Vartin) մտահոգության պատճառը: Ցանկանալով որեւէ կերպ աջակցել թանգարաններին ու խթանել թանգարաններ եւ պատկերասրահներ մարդկանց այցելությունները՝ կոլաժիստ Կարինե Վարդանյանը, ով 2004 թվականից զբաղվում էր կոլաժների պատրաստմամբ, մի քանի ստեղծագործողների առաջարկեց միավորվել, համատեղ ցուցահանդես-վաճառք կազմակերպել եւ թանգարանների աջակցության հիմնադրամ բացել, սակայն նախաձեռնությունն ավարտին չհասավ:

Որոշ ժամանակ անց, հավաքելով 50 աշխատանք՝ տիկին Կարինեն որոշեց կազմակերպել իր աշխատանքների առաջին անհատական ցուցահանդես-վաճառքը, որի հասույթից մի մաս կհատկացվեր թանգարաններին: Եվ առաջին տուն-թանգարանը Փարաջանովին էր:

Առանձնահատուկ կապվածություն ունենալով Փարաջանովի հետ՝ տիկին Կարինեն երկար պատմում էր ինձ նրա մեծության մասին, նշելով, որ Փարաջանովը շատ ուժեղ է իր սիմվոլիզմով, որ նա շատ ավելի համարձակ է իր մոտեցումներում եւ այլն

Շատ կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք իրականացվեց, եւ մեկը մյուսի հետեւից կոլաժները փակեցին արվեստանոցի անշուք պատերը՝ մի առանձնահատուկ կյանք եւ ջերմություն հաղորդելով սառը միջավարին:

"Жил был художник"Յուրաքանչյուր աշխատանք իրենից ներկայացնում է մի պատմություն, որտեղ արտացոլվում են անցյալը, ներկան եւ ապագան: Բոլոր կոլաժներում կան ժամանակը խորհրդանշող իրեր՝ ժամացույցներ, սլաքներ եւ այլն:

Այս շարքի բոլոր աշխատաքներում կարող եք գտնել նաեւ բանալի, որը կարծես օգնում է ճանաչել ստեղծագործությունը: Ինչո՞ւ բանալի: «Որովհետեւ բանալիով ենք փակում մեր կյանքի անցած էջերը եւ բացում նորերը, կարեւոր է ճիշտ ժամանակին բացել եւ փակել կյանքի այս կամ այն դուռը, ճիշտ բանալի գտնել այս կամ այն մարդու հանդեպ: Երբեմն, ավելի դժվար, սակայն կարեւոր է փակել որեւէ բան կյանքում, քան բացել»,- նշում է տիկին Կարինեն:

Բոլոր աշխատանքներն արդեն պատրաստ են եւ սպասում են ապրիլի 14-ին՝ Փարաջանովի տուն-թանգարանի հարեւանությամբ անցկացվելիք «Հայաստանի թանգարանների համար» խորագիրը կրող ցուցահանես-վաճառքին:

Նախաձեռնությունը լինելու է շարունակական եւ ամեն անգամ ընտրվելու է Հայաստանի թանգարաններից մեկը:

Թերեւս հարկ եմ համարում նշել, որ մշակութային միջոցառում լինելուց բացի, այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում նաեւ ամեն անգամ օգնել կարիք ունեցող որեւէ անհատի: Այս անգամ վաճառքի հասույթից որոշակի օժանդակություն կարվի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լուսինե Գեւորգյանին, ով առողջական լուրջ խնդիր ունի եւ բուժում ստանալու համար՝ դրամական աջակցության կարիք ունի:

«Ցուցահանդեսի մուտքն ազատ է, – նշում է տիկին Կարինեն,- սակայն յուրաքանչյուր այցելուի պետք է խնդրեմ՝ իր հետ մեկական նուռ բերի: Նուռը կյանք է, կարծես մի մեծ սիրտ, որի ներսում հարյուրավոր սրտեր կան: Այդ օրը բոլորս կհավաքենք մեր բերած նռերը մեկ վայրում, այնուհետեւ կճաշակենք դրանք, այդպիսով յուրաքանչյուրիս ներսում կլինի այդ «մեծ սրտից» մի փոքրիկ մասնիկ»:

Ջեննի Կազումյան

(Նյութը կարող եք գտնել նաեւ “Mynews” կայքի իմ էջում)

 

Tags: , ,

Վենետիկ, Ռիալտոյի կամուրջը մայրամուտին

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Ավետիք Իսահակյան

 

Tags: , , ,

Վահե Ավետյանի հիշատակին

Որտե՞ղ էիր, Տեր,
Որ քո զավակն անարժան ձեռքից,
Զրկվեց ապրելու իր իրավունքից:

Որտե՞ղ էիր, Տեր,
Երբ տխմար զանգվածն ավազակների
Արյունն էր խմում մահվան դեմ ելած
Առաքյալների:

Որտե՞ղ էիր, Տեր,
Մի՞թե զբաղված էր աջդ սրտագին,
Որ ցույց չտվեց կյանքի ու մահվան մութ խաչմերուկում
Պայքարի ելած բժշկի ուղին

Որտե՞ղ ես լինում,
Որ բարդութավորված տականք այրերի,
Տականք պետերի հրամաններով
Կյանքից զրկվում են դեռ կյանք չտեսած,
Ինքնաձիգները քունքին դեմ տված
Զավակները Քո:

Որտե՞ղ կլինես, ասա ինձ խնդրեմ,
Երբ նորից գա պահն ապավինելու,
Որ կրծքիս սեղմած Հայոց Նարեկը՝
Ես չբղավեմ
«Հեյ, ո՞վ կա այդտեղ…
գոնե մեկն ու մեկը»:

Որտե՞ղ ես հիմա,
Տեր իմ իմաստուն,
Կտաս պատասխան
Բժիշկ Վահեի դստեր այն հարցին
Թե «պապան ո՞ւր է, ե՞րբ է գալու տուն»:

Ստեփան Հարությունյան

(Ստեփան Ումառ)

 
1 Comment

Posted by on August 2, 2012 in Մշակույթ, Չափածո

 

Tags: ,

Տարվա իմ գրական բացահայտումը. Հ. Ա. Գ.

Մեղքը քոնն էՆախորդ նյութում՝ խոսելով մոդել, ստեղծագործող Էմիլ Մարկի՝ «Մեղքը քոնն է» երկլեզվյա գրքի մասին, նշել էի, որ շուտով սպասվում են գրքի գրախոսականները: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր նամակ ստացա առաջին գրախոսականի հեղինակից, ստորեւ ներկայացնում եմ ստեղծագործության գրախոսականը.

«Ասեմ հենց սկզբից` սկսնակ գրող Էմիլ Մարգարյանի /ով հանրությանն ավելի հայտնի է իբրեւ ֆոտոմոդել Էմիլ Մարկ անունով/ մինչ իր գրական երախայրիքի` «Մեղքը քոնն է» պատմվածքի լույսընծայումը, չեմ ճանաչել եւ ասենք այսպես` անմիջական կամ կենդանի շփում չեմ ունեցել, թեեւ իբրեւ հաջողված, կայացած ֆոտոմոդելի մասին բազմիցս լսել եմ թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում եղածս ժամանակ: Նույնիսկ նրա վերոնշյալ պատմվածքի շնորհանդեսի մասին ծանուցվել եմ էլեկտրոնային հրավերի միջոցով Ֆեյսբուքյան ցանցով:

Անկեղծ ասած, բավական տարօրինակ ու հակասական էր առաջին արձագանքս. նախ` մինչ այդ ես երբեւէ չէի մտածի, որ մոդելը կարող է հետաքրքրվել գրականությամբ եւ ավելին` ուժերը փորձել գրական ասպարեզի մեջ: Բայց եւ փաստը կար` ֆեյսբուքյան իմ էջին հրավերն էր:

Երկրորդ, սկսեցի մտածել, որ հավանաբար Էմիլը տուրք է տվել արեւմտյան մոդելային աշխարհում այսօր բավական տարածված ինքնակենսագրական կամ հուշագրային գիրք ունենալու իրողությանը, սակայն քսանհինգամյա երիտասարդի համար ինքնակենսագրական կամ հուշագրային գիրք գրելու գաղափարը, կարծում եմ, այնքան էլ համապատասխան չէր:

Ինչեւէ, տարաբնույթ ենթադրություններից ու վարկածներից խուսափելու համար՝ Ֆեյս-ի միջոցով ուղղակի գրեցի Էմիլին` խնդրելով տեղեկություններ տրամադրել պատմվածքի մասին կամ ուղարկել տեքստի թվային տարբերակը, եթե հնարավոր էր իհարկե: Դրական պատասխանը տեքստի հետ չուշացավ \անկասկած, այն ժամանակ դեռեւս չտպագրված եւ նաեւ հեղինակային իրավունքի առումով չպաշտպանված գործի թվային տարբերակն ինձ ուղարկելու վստահության հարցում չեմ կարող չհիշել այստեղ երախտագիտությամբ\:

Եվ այսպես, իմ առաջ սկսնակ արձակագրի անդրանիկ զավակն էր` առաջին պատմվածքը՝ «Մեղքը քոնն է» վերանգրով:

Էմիլին չճանաչող մարդու համար վերնագիրն իսկ բավական համարձակ է,  հավակնոտ, «ձեռնոց նետող». ըստ էության արդեն վերանգրով հեղինակը մեղադրական է  ներկայացնում ընթերցողին, մեղադրում նրան ինչ որ մեղքի մասնակցության մեջ, մեղք, որ պիտի բացահայտվի արդեն պատմվածքի տողերում, իսկ ճանաչողների համար, ի շարս որոնց նաեւ իմ, այն շատ պարզ է ու հասկանալի, նույնիսկ բնական, այսպես անվանենք` «Էմիլային» /այո, այո ճիշտ հասկացաք` հենց «Էմիլային», քանի որ Էնմիլն ինքն իբրեւ անձ եւ անհատականություն համարձակ է ու ընդվզող, իր իսկ խոսքերով ասած` սրտի թելադրանքի ու հոգու թրթիռին հետեւող, պատրաստ բարձրաձայնելու կյանքի անօրեն խաղերը, անարդարություններն ու թակարդները, պայքարելու այս ամենի դեմ եւ «ձեռնոց նետելու» թեկուզեւ ողջ հասարակությանը/:

Այսպիսով, որն էր այդ մահացու մեղքը, որի մեջ մեղավոր ենք նաեւ ես եւ դուք իբրեւ ընթերցողներ:

Պատմվածքի առաջին տողերից արդեն տեղափոխվում ենք Ֆրանսիա, Փարիզ, 19-րդ դար, ուր եւ ծավալվում են պատմվածքի գործողությունները կուրտիզանուհի Սելենեի, քահանա Անտոնիոսի եւ նախկին ուսուցիչ Գաստոնի միջեւ` Սուրբ Մագդալենա տաճարի մերձակայքում:

Միանգամայն իրարից տարբեր, բացարձակապես ուրիշ աշխարհներ ու, նույնիսկ, հակադիր արժեքային համակարգեր ներկայացնող այս հերոսներին միավորողը Սուրբ Մագդալենայի տաճարն է, քանի որ քահանա Անտոնիոսը պարտավոր էր լինելու տաճարում` իբրեւ եկեղեցու սպասավոր, նախկին ուսուցիչ մուրացիկ ծերուկ Գաստոնի համար տաճարn օրվա ապրուստի հայթայթման վայրն էր, իսկ կուրտիզանուհի Սելենեի համար հետդարձի արահետ, ուղղման մեկնակետ:

Գրականության մեջ առհասարակ բավականին ընդունված եւ տարածում ունեցող երեւույթ է, երբ հեղինակն իր ստեղծագործության ասելիքի, այսպես անվանենք պայմանականորեն` «պատգամ»-ը շեշտելու, ուժականությունն ու ազդեցությունն ավելացնելու նպատակով հաճախ է ընտրում հակադիր կամ տարբեր աշխարհներ ներկայացնող հերոսների, նույնիսկ տարբերակում մտցնում, ստեղծում հակադրական-բախումնային վիճակ հերոսի-ընդունված անձնատիպի եւ հերոսի-ներաշխարհի միջեւ: Էմիլը առաջին պատմվածքի համար բավական վարպետորեն կարողացել է կիրառել գեղարվեստական-ստեղծագործական այդ հնարանքը` իր հերոսների ընտրության եւ հերոսների կերտման խնդիրը լուծելիս, ներքին հակադրություններն ստեղծելիս, նույնիսկ պատմվածքի սկզբում` կուրտիզանուհու դիակի հայտնաբերումը` Սուրբ Մագդալենայի տաճարի աստիճաններին, յուրահատուկ ուղերձ է` մաքրված եւ հետագայի կաթոլիկ աշխարհում սրբադասված անբարո կնոջը ձոնված տաճարի աստիճաններին կարծես ողջակիզվում, զոհաբերվում է Սելենեն`մաքրագործվել եւ մոլոր ճանապարհից հետ դառնալու ցանկություն, պատրաստակամություն եւ նոր կյանք սկսելու վճռականություն ունեցող կուրտիզանուհին, բայց…:

Նույն այդ վարպետությանն հանդիպում ենք նաեւ գործողությունների զարգացման, պատմվածքի շարադրման ընթացքի մեջ: Առկա է լարվածություն, որն ստիպում է ընթերցողին երբեք ընթերցման ժամանակ ուշադրությունը չթուլացնել. նույնիսկ, իմ տպավորությունն է, որ Էմիլը պատմվածքի ներքին լարվածությունը պահելու համար միտումնավոր կերպով կիրառել է դեդեկտիվ ժանրին հատուկ տարրեր, իրողություն, որն իրապես այս պարագային դրականորեն լրացնում է երկի ընդհանուր գունապնակը:

Բավական հաջող է նաեւ պատմվածքի լեզուն, ու թեեւ բառապաշարն ունի մի փոքր հարստացնելու կարիք, սակայն առաջին պատմվածքի համար նորմալ է, իսկ հարստացումն արդեն փորձառությամբ ու վարժությամբ է ձեւավորվում, եւ ինչպես նշեց ժամանակակից նշանավոր լեզվաբան բան. գիտ. թեկնածու Դ. Գյուրջինյանը պատմվածքի մասին մեր ունեցած զրույցի ժամանակ` «Անշուշտ, գրագետ է գրված, բացառությամբ լրագրողներին բնորոշ գոյական+ով կառույցի. օրինակ` քահանան, ով…, մարմնավաճառները, ովքեր… եւ այլն: Թեման նոր չէ, բայց լավ ձեւի մեջ է դրված»:

Պատմվածքի գրականգիտական վերլուծությունից անդին ինձ առավել հետաքրքրում է վերջինիս բարոյական արժեքը, փոխանցած պատգամն իր ընթերցողին եւ այս առումով պատմվածքի մեխը, թերեւս, հեղինակի հետեւյալ տողերն են ասված հերոսուհու` Սելենեի բերանով. «… խղճում եմ նրանց, ովքեր խոսելու ոչ մի տեղ չունեն, բայց միշտ ասում են, … աշխարհին տալու ոչ մի բան չունեն, սակայն անվերջ ուզում են,հանդիմանելու իրավունք չունեն, վրադ թնդում են, … նույնիսկ ժպտալու առիթ էլ որ չունեն, անվերջ խնդում են: Խղճում եմ նրանց, ովքեր պատիվ չունեն, բայց անպատվում են, ովքեր ատելու արդեն սահման էլ չունեն, բայց դեռ ոչնչացնում են,… իրենց կյանքով ապրելու փոխարեն, դիմացինին միշտ քարկոծում, պախարակում են: Խղճում եմ նրանց, ովքեր աչք ունեն, բայց դիմացինին չեն ուզում տեսնել, ականջներ ունեն, սակայն չեն ուզում սրտի խոսք լսել, … լեզու ունեն, որ չարախոսեն, ձեռքեր, որ հարվածեն: Խղճում եմ բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն ինչ ունեն, սակայն խիղճ չունենԽղճում եմ ինձ, Ձեզ, բոլորիս, որ ստրուկն ենք այս գորշ ու անարդար կյանքի»: Ըստ իս Էմիլը լուծել է մի քանի բարոյական հարցեր, որոնք են`

  • Մեղքի հանդեպ մարդկային էության տկարության եւ մարդու հակվածության փաստում դեպի մեղքը` անկախ որեւէ հանգամանքից
  • Աստվածաբանական լեզվով ասած` «դարձի», հետդարձի, մեղավոր ճանապարհից դուրս գալու, ապաշխարության հնարավորության արձանագրում ցանկացած պարագայում
  • Անտարբերության, փարիսեցիության կամ որ նույնն է` կեղծավորության ու երեսպաշտության քննադատություն եւ եթե կուզեք` դատապարտում ինչպես անհատ մարդ, այնպես էլ առհսարակ հանրություն մակարդակների վրա
  • Զգոնության, զգաստության եւ սթափության կոչ սեփական արարքների վերահսկելիությունն ամենաբարձր մակարդակով իրականացնելու համար, որպեսզի չստացվի այնպես, որ թեկուզ որեւէ, նույնիսկ` ամենափոքր կամ աննշան քայլով ազդենք դիմացինի վրա բացասական իմաստով  եւ  առավել եւս` դառնանք վերջինիս մոտ հույսի, հավատի, սիրո եւ որ ամենասարսափելին է` Աստծո կորստի պատճառ, որն ուղղակի տանում է դեպի հուսալքություն, հիասթափություն իր բոլոր ժխտական ածանցյալներով ու հետեւանքներով.
  • Երջանկության արժեւորում.
  • Մարդու արժեւորում ի վերջո:

Կարելի է ամբողջական էջեր շարադրել այս հարցերի շուրջ, սակայն նպատակ չունեմ այստեղ` այս համառոտ գրախոսականի մեջ, որ ավելի շատ կհամարեի ընթերցողին սեփական տպավորություններիս հաղորդ դարձնել ընդամենը եւ ոչ ավելին, կարծում եմ, որ հեինակը փորձել է յուրովի մեկնաբանել Աստվածաշնչական այն հայտնի պատգամը, թե նախ պետք է սեփական աչքի գերանը հանել ապա նոր անդրադառնալ դիմացինի աչքի շյուղին:

Ընդհանուր առմամբ պատմվածքը հաջողված է, եւ առնվազն գնահատելի է այն փաստը, որ մեր օրերում, մեր իրականության մեջ եւ այն էլ մոդելային աշխարում կա մի այնպիսի երիտասարդ, ով իր բազմազբաղ ժամանակից գուցե ակնթարթներ, գուցե րոպեներ կամ ժամեր է հատկացնում՝ վերեւում արդեն նշածս բարդ ու համընդհանրական բնույթի հարցերի մասին մտածելու համար, ու թեեւ կյանքի տարիների աճի հետ դեռ ունենալու է հասունացում եւ վերջնական կարծրացում, սակայն այս վիճակով արդեն բավական հետաքրքրական, ուրույն վիճակ է ապահովում»:

Հ. Ա. Գ.

11. 07. 2012 թ.

 

Tags: , , ,

Անիրական կերպարների զուգորդման մեջ` յուրաքանչյուր հերոսում կամ ես. Էմիլ Մարկ

Ես եւ գրքի հեղինակ՝ Էմիլ Մարկը

Օրեր առաջ Երեւանի ընթերցասեր հասարակության համար` Հյուսիսային պողոտայում հաճելի անակնկալ էր պատրաստել մոդել, ստեղծագործող Էմիլ Մարկը:

Ավելի քան 100 հոգու նվիրելով իր անդրանիկ «Մեղքը քոնն է» երկլեզվյա գիրքը` Էմիլը նպատակ ուներ այդպիսով խթանել ընթերցանությունը, ինչպես նաեւ`ընթերցողներին ծանոթացնել իր ստեղծագործության հետ… Այդ երջանիկների թվում էի նաեւ ես…

Զգալով մահվան տագնապը եւ գիտակցելով, որ վայրկյաններ անց ամեն բան կարող է ավարտվել` մարդը հասկանում է, թե որքան բան դեռ ունի անելու, որքան բան կարող է թողնել անավարտ եւ որքան բան կարող էր անել, որ չի արել…

Էմիլ Մարկի «Մեղքը քոնն է» գրքի գաղափարը ծնվել է հենց այդպիսի տագնապալի իրավիճակից հետո, երբ հեղինակը վերադառնում էր Ֆրանսիայի գործուղումից, եւ նրա ինքնաթիռը վթարային վիճակում էր հայտվել:

Այդ ժամանակ Էմիլն իր առջեւ նպատակ դրեց` ամեն բան լավ ավարտվելու դեպքում, մի նշանակալից բան անել, որը կարեւոր կլինի ոչ միայն իր համար, այլեւ դրական ազդեցություն կթողնի հասարակության կյանքի ու մտածելակերպի վրա…

– Գիրք գրելու գաղափարը ծնվեց հենց այդ ժամանակ: Արդեն Հայաստան ժամանելուց հետո` ստեղծվեց «Մեղքը քոնն է» պատմվածքը: Կազմակերպեցի շնորհանդես, որպեսզի մարդկանց հետ կիսվեմ գրքով, որպեսզի այն նվիրեմ բոլոր ներկա գտնվողներին: Այդ օրը ներկա էր ավելի քան 200 հյուր:

Նախաբանում գրված է, որ գիրքը նվիրվում է բոլոր հաշմանդամներին: Մի փոքր այդ մասին կխոսե՞ս:

Նկար՝ «Մեղքը քոնն է» գրքից

– Այո’, այդպես էլ կա, նվիրել եմ հաշմանդամներին, սակայն այն ֆիզիկապես հաշմանադամներին չի ուղղված, այն ուղղված է հոգեպես հաշմանդամ մարդկանց: Չնայած պատմվածքս փորքր է, սակայն ասելիք կա, այն առումով, որ մեր հասարակության մեջ կան իրականում մտավոր հաշմանդամ մարդիկ, ովքեր աջակցում են, որպեսզի այս կամ այն մարդը գլորվի աստիճանից ցած, կործանվի եւ չգտնի փրկության ելքի դուռ: Այն ժամանակ, երբ տվյալ կործանվող անհատը փորձում է ինչ- որ կերպով դուրս գալ ճահճից: Փորձել եմ այնպես անել, որ ծածկագրերս հասնեն ընթերցողին: Կոչ եմ անում, որպեսզի մարդիկ անտարբեր չլինեն, իրար հանդեպ հասնող լինեն, մի փոքր դուրս գան էգոցենտրիկ լինելու վիճակից եւ փորձեն գոնե մի փոքր կարեկցող լինել, ինչը կարող է դեպի կործանում գնացող մարդուն հետ բերել այդ ճանապարհից:

– Ի՞նչ արձագանքների է արժանացել գիրքդ:

– Եղան դրական կարծիքներ, եղան քննադատություններ: Ամեն արձագանք ինձ համար շատ կարեւոր էր, ցանկացած արձագանքի շատ լուրջ եմ մոտեցել, որովհետեւ այդ արձագանքներն են, որ ինձ ուժ են տալու, որպեսզի հրապարակվի երկրորդ գիրքս: Այսինքն, այն արձագանքները, որ եղել են, ինձ ոգեւորել են, որպեսզի ես գրեմ իմ երկրորդ գործը:

– Երկրորդ գրքի մասին արդեն որեւէ պատկերացումներ կա՞ն:

– Երկրորդ գիրքս գրելու նպատակով՝ չորս օրով մեկնել էի Տաթեւի վանք: Առանձնացել էի ինքս ինձ հետ: Առանձնացել էի հոգեւոր կյանքի մեջ եւ փորձում էի Տաթեւի վանքում գտնել իմ հոգու հանգստությունը: Այդտեղ ստեղծվեց իմ երկրորդ գիրքը, որի խմբագրական աշխատանքներն են տարվում հիմա: Վերնագիրը դեռ չեմ որոշել, սակայն, կարող եմ ասել, որ այն իր սյուժեով բավականին հետաքրքիր է լինելու:

Խոստովանություն

Նկար՝ «Մեղքը քոնն է» գրքից

Ամբողջությամբ չբացելով փակագծերը՝  զրուցակիցս նշեց, որ երկրորդ գրքի հովանավորության համար ինքն արդեն առաջարկ է ստացել:

Ի դեպ, շուտով կլինեն «Մեղքը քոնն է» գրքի գրախոսականները եւ էլեկտրոնային տարբերակը, Էմիլը դեռ չի որոշել, թե որ կայքը կունենա այն առաջինը տեղադրելու հնարավորությունը, սակայն նշում է, որ էլեկտրոնային տարբերակը պետք է, որպեսզի հեռվում գտնվող՝ հետաքրքրված մարդիկ նույնպես կարողանան ծանոթանալ ստեղծագործության հետ:

Էմիլը խոստովանեց, որ գրքի մեջ կա ինքը, նա չնշեց, թե հատկապես որ կերպարն է պատկանում իրեն, սակայն ասաց, որ կան մարդիկ, ովքեր հասկացել են, թե գրքի կերպարներում կա Էմիլ Մարկը՝ որպես մարդ, որպես անհատ, որպես բողոքավոր, որպես խնդրող, խղճի եւ անխղճի դեմ պայքարող…

Գիրքն ինքնակենսագրական չէ, սակայն անիրական կերպարների զուգորդման մեջ`յուրաքանչյուր հերոսում կա ինքը՝ երիտասարդ ստեղծագործող Էմիլ Մարկը, ում ծածկագրերն ամենեւին ուրիշ են եւ քրիստոնեությանը դեմ գնալու միտում չունեն:

Ջեննի Կազումյան

 

Tags: ,

 
%d bloggers like this: