RSS

Category Archives: Հարցազրույցներ

Անիրական կերպարների զուգորդման մեջ` յուրաքանչյուր հերոսում կամ ես. Էմիլ Մարկ

Ես եւ գրքի հեղինակ՝ Էմիլ Մարկը

Օրեր առաջ Երեւանի ընթերցասեր հասարակության համար` Հյուսիսային պողոտայում հաճելի անակնկալ էր պատրաստել մոդել, ստեղծագործող Էմիլ Մարկը:

Ավելի քան 100 հոգու նվիրելով իր անդրանիկ «Մեղքը քոնն է» երկլեզվյա գիրքը` Էմիլը նպատակ ուներ այդպիսով խթանել ընթերցանությունը, ինչպես նաեւ`ընթերցողներին ծանոթացնել իր ստեղծագործության հետ… Այդ երջանիկների թվում էի նաեւ ես…

Զգալով մահվան տագնապը եւ գիտակցելով, որ վայրկյաններ անց ամեն բան կարող է ավարտվել` մարդը հասկանում է, թե որքան բան դեռ ունի անելու, որքան բան կարող է թողնել անավարտ եւ որքան բան կարող էր անել, որ չի արել…

Էմիլ Մարկի «Մեղքը քոնն է» գրքի գաղափարը ծնվել է հենց այդպիսի տագնապալի իրավիճակից հետո, երբ հեղինակը վերադառնում էր Ֆրանսիայի գործուղումից, եւ նրա ինքնաթիռը վթարային վիճակում էր հայտվել:

Այդ ժամանակ Էմիլն իր առջեւ նպատակ դրեց` ամեն բան լավ ավարտվելու դեպքում, մի նշանակալից բան անել, որը կարեւոր կլինի ոչ միայն իր համար, այլեւ դրական ազդեցություն կթողնի հասարակության կյանքի ու մտածելակերպի վրա…

– Գիրք գրելու գաղափարը ծնվեց հենց այդ ժամանակ: Արդեն Հայաստան ժամանելուց հետո` ստեղծվեց «Մեղքը քոնն է» պատմվածքը: Կազմակերպեցի շնորհանդես, որպեսզի մարդկանց հետ կիսվեմ գրքով, որպեսզի այն նվիրեմ բոլոր ներկա գտնվողներին: Այդ օրը ներկա էր ավելի քան 200 հյուր:

Նախաբանում գրված է, որ գիրքը նվիրվում է բոլոր հաշմանդամներին: Մի փոքր այդ մասին կխոսե՞ս:

Նկար՝ «Մեղքը քոնն է» գրքից

– Այո’, այդպես էլ կա, նվիրել եմ հաշմանդամներին, սակայն այն ֆիզիկապես հաշմանադամներին չի ուղղված, այն ուղղված է հոգեպես հաշմանդամ մարդկանց: Չնայած պատմվածքս փորքր է, սակայն ասելիք կա, այն առումով, որ մեր հասարակության մեջ կան իրականում մտավոր հաշմանդամ մարդիկ, ովքեր աջակցում են, որպեսզի այս կամ այն մարդը գլորվի աստիճանից ցած, կործանվի եւ չգտնի փրկության ելքի դուռ: Այն ժամանակ, երբ տվյալ կործանվող անհատը փորձում է ինչ- որ կերպով դուրս գալ ճահճից: Փորձել եմ այնպես անել, որ ծածկագրերս հասնեն ընթերցողին: Կոչ եմ անում, որպեսզի մարդիկ անտարբեր չլինեն, իրար հանդեպ հասնող լինեն, մի փոքր դուրս գան էգոցենտրիկ լինելու վիճակից եւ փորձեն գոնե մի փոքր կարեկցող լինել, ինչը կարող է դեպի կործանում գնացող մարդուն հետ բերել այդ ճանապարհից:

– Ի՞նչ արձագանքների է արժանացել գիրքդ:

– Եղան դրական կարծիքներ, եղան քննադատություններ: Ամեն արձագանք ինձ համար շատ կարեւոր էր, ցանկացած արձագանքի շատ լուրջ եմ մոտեցել, որովհետեւ այդ արձագանքներն են, որ ինձ ուժ են տալու, որպեսզի հրապարակվի երկրորդ գիրքս: Այսինքն, այն արձագանքները, որ եղել են, ինձ ոգեւորել են, որպեսզի ես գրեմ իմ երկրորդ գործը:

– Երկրորդ գրքի մասին արդեն որեւէ պատկերացումներ կա՞ն:

– Երկրորդ գիրքս գրելու նպատակով՝ չորս օրով մեկնել էի Տաթեւի վանք: Առանձնացել էի ինքս ինձ հետ: Առանձնացել էի հոգեւոր կյանքի մեջ եւ փորձում էի Տաթեւի վանքում գտնել իմ հոգու հանգստությունը: Այդտեղ ստեղծվեց իմ երկրորդ գիրքը, որի խմբագրական աշխատանքներն են տարվում հիմա: Վերնագիրը դեռ չեմ որոշել, սակայն, կարող եմ ասել, որ այն իր սյուժեով բավականին հետաքրքիր է լինելու:

Խոստովանություն

Նկար՝ «Մեղքը քոնն է» գրքից

Ամբողջությամբ չբացելով փակագծերը՝  զրուցակիցս նշեց, որ երկրորդ գրքի հովանավորության համար ինքն արդեն առաջարկ է ստացել:

Ի դեպ, շուտով կլինեն «Մեղքը քոնն է» գրքի գրախոսականները եւ էլեկտրոնային տարբերակը, Էմիլը դեռ չի որոշել, թե որ կայքը կունենա այն առաջինը տեղադրելու հնարավորությունը, սակայն նշում է, որ էլեկտրոնային տարբերակը պետք է, որպեսզի հեռվում գտնվող՝ հետաքրքրված մարդիկ նույնպես կարողանան ծանոթանալ ստեղծագործության հետ:

Էմիլը խոստովանեց, որ գրքի մեջ կա ինքը, նա չնշեց, թե հատկապես որ կերպարն է պատկանում իրեն, սակայն ասաց, որ կան մարդիկ, ովքեր հասկացել են, թե գրքի կերպարներում կա Էմիլ Մարկը՝ որպես մարդ, որպես անհատ, որպես բողոքավոր, որպես խնդրող, խղճի եւ անխղճի դեմ պայքարող…

Գիրքն ինքնակենսագրական չէ, սակայն անիրական կերպարների զուգորդման մեջ`յուրաքանչյուր հերոսում կա ինքը՝ երիտասարդ ստեղծագործող Էմիլ Մարկը, ում ծածկագրերն ամենեւին ուրիշ են եւ քրիստոնեությանը դեմ գնալու միտում չունեն:

Ջեննի Կազումյան

 

Tags: ,

Փոքրիկ սուրբ Հովհաննեսը երեք տարեկան է

ՋԵՆՆԻ ԿԱԶՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի 7, շատերի համար սովորական մի օր, սակայն ոչ Կազումյանների եւ Սահակյանների համար: Երեք տարի առաջ` հենց սեպտեմբերի 7-ին, նրանք վերականգնեցին իրենց պապերի ուխտն Աստծո հետ` Իջեւանի բարձրունքում կառուցելով աղոթատեղի:

Սուրբ ՀովհաննեսՍուրբ Հովհաննես մատուռը, կարծես մի սպիտակ աղավնի` ծվարած Իջեւանի ջինջ երկնքի տակ, դարձավ նոր օղակ Բարձրյալի եւ իջեւանցիների միջեւ: Այն իր ուրույն տեղը գտավ հին, պատմական մատուռի կողքին, որը կառուցվել էր դեռեւս 19-րդ դարում` Կազումյանների ազգատոհմի կողմից:  Ասում են` շատ հրաշքներ էին տեղի ունեցել այդ պատմական մատուռում: Տարիների ընթացքում մատուռն ավերվել էր, լոկ մի քանի սուրբ քար էր մնացել առաջվա մատուռից, եւ երազում նշան ստանալով Աստծուց` Սուրեն Կազումյանը որոշեց եղբոր հետ վերականգնել մատուռը: Սակայն տեղեկանալով, որ սուրբ քարերին չի կարելի ձեռք տալ, որոշեցին այդ սուրբ վայրի կողքին մի նոր մատուռ կառուցել:

Եւ ահա փոքրիկ սուրբ Հովհաննեսն արդեն երեք տարեկան է: Այսօր մատուռը սովորականից մարդաշատ էր: Կրկին հավաքվել էին բարեկամներն ու եկել մատաղ անելու եւ աղոթք բարձրացնելու առ Աստված:

Իջեւանի հոգեւոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը նախ օրհնեց մատաղի աղը, ապա կատարեց մատաղի օրհնություն: Աղոթք արեց ննջեցյալների, այս ընտանիքի անցավորների համար, նաեւ օրհնություն խնդրեց Աստծուց, որպեսզի մատաղն ընդունելի լինի Նրա առջեւ, ընդունելի լինեն նաեւ հավաքվածների աղոթքները:

Իր խոսքում քահանան բացատրեց մատաղի խորհուրդը` ասելով.

«Մատաղը մեր արդյունքի մի մասն է, որ բաժանում ենք, բաշխում ենք, մեր ունեցածից տալիս ենք այն մարդուն, ով չունի` որպես ողորմություն, որպես բարեգործություն: Տեր Սիմեոն քահանա ԱռաքելյանՄատաղն օրհնություն է բերում այն մարդուն, ով բաժանում, բաշխում է այդ մատաղը, քանի որ Քրիստոս ինքը բաժանվեց, բաշխվեց մեր մեջ, նույն օրինակով` մենք նյութական արժեքը բաժանում ենք բոլորին»:

«Այս հինավուրց վայրը մի քանի տարի առաջ նորոգվեց, նոր մի սրբավայր ստեղծվեց այստեղ, եւ սա օրինակ է, որ մենք վերստին ձգտում ենք դեպի Աստված, դեպի սրբություն եւ ինչպես որ մարդկային հոգին անընդհատ պահանջ ունի նորոգվելու, նույնպես էլ մեր հավատքն անընդհատ պետք է նորոգվի: Եւ ահա նոր ուխտ ենք կապում Աստծո հետ»,- նշեց տեր հայրը:

Իջեւանի հոգեւոր հովիվն իմ հետ զրույցում պատմեց, որ սուրբ Հովհաննեսում պատարագներ դեռեւս չեն եղել, սակայն եղել են ժամերգություններ: Նա նշեց, որ հնարավոր է սեպտեմբերի 24-ին` սուրբ Գեւորգի տոնին, այստեղ մատուցվի առաջին պատարագը:

«Տարածաշրջանում մեկ քահանա է, ուստի, եթե սկսենք այստեղ պատարագներ անել, ապա հնարավոր է ամիսը մեկ անգամ` շաբաթ օրերին անել»:

Ի դեպ, Տեր Սիմեոնը տեղեկացրեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 9-ից ստեղծվել է Տավուշի թեմ, որի առաջնորդն է տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը:

«Ընդհանրապես մեր կողմերում քիչ են եկեղեցիները, սակայն հոգեւոր կյանքը բավականին աշխույժ է եւ գնալով զարգանում է: Ժողովուրդը սկսում է հոգեւոր կրթություն ստանալ, եկեղեցի հաճախել, մասնակցել արարողություններին»,- նշեց տեր հայրը:

Այս տարի` հիշարժան այս օրը, այստեղ ներկա էր սուրբ Հովհաննես մատուռի հիմնադիրներից միայն մեկը` Սուրեն Կազումյանը, Գարիկ Սահակյանը ներկա չէր, սակայն ներկա էր նրա դուստրը` Սոնան, ում հետ եւ զրուցեցի:

– Սոնա, ի՞նչ նշանակություն ունի այս օրը քո հայրիկի համար:

Սոնա Սահակյան– Այսօրվա օրը ոչ միայն իմ հայրիկի համար, այլ նաեւ ողջ մեր ընտանիքի համար շատ ուրախալի եւ հուզառատ օր է, մենք հպարտություն ենք զգում մեր ապուպապերի համար: Կարծում եմ, որ հայրս նույնիսկ այնտեղ (Մոսկվայում)` հոգով հիմա այստեղ է եւ մտքերով մեր հետ է:

Երեք տարվա ընթացքում, ամեն տարի սեպտեմբերի յոթին, չհաշված բացման օրը, երբ բոլորս այստեղ էինք, մեր ընտանիքից մի հոգի անպայման այստեղ ներկա է լինում: Այս տարի այդ պատիվն ինձ է բաժին ընկել, ես եմ ներկա եւ շատ ուրախ եմ:

-Իսկ ի՞նչ ես զգում, երբ մտնում ես այդ մատուռը:

Երբ մտնում եմ այնտեղ, մի այլ զգացողություն եմ ունենում, կարծես մաքրվում եմ: Սկսում եմ մտածել հայրիկիս մասին, թե ինչ կմտածեր նա: Այսօր մտա, առաջին մոմը վառեցի նրա համար, թեպետ երբեք առաջին մոմը հայրիկիս համար չեմ վառում, առաջինը միշտ շնորհակալություն եմ հայտնում: Այսօր նրա համար վառեցի եւ մտածում էի, թե այդ օրն ինչ է իր համար:

Հիշում եմ` երեք տարի առաջ այս օրը: Հայրս մեկ շաբաթ չէր քնում մինչեւ մատուռի բացումը: Ինձ ասում էր. «Չես պատկերացնի, թե դա ինձ համար ինչ նշանակություն ունի»: Ասում էի, պատկերացնում եմ, ինչպես` չեմ պատկերացնում: Ասում էր. «Ոչ, չես պատկերացնում: Կմեծանաս, կհասկանաս»: Եւ իսկապես, երեք տարի անցավ, ես այսօր այլ բան եմ զգում, անփոխանցելի ինչ-որ զգացում է, ինչ-որ սուրբ մի բան:

Ամեն վայրկյան ես հաղորդագրություն էի ուղարկում հայրիկիս, թե որտեղ ենք, ինչ ենք անում… շատ ափսոս, որ մերոնք այստեղ չեն` հայրս, մայրս, եղբայրներս:

Որոշեցի այս անգամ հանգիստ թողնել պարոն Կազումյանին եւ խոսեցի նրա քրողջ` Ալլա Կազումյանի հետ: (Նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ` այստեղ):

Ալլա եւ Սուրեն Կազումյաններն ու Սոնա Սահակյանը

– Տիկին Ալլա, ի՞նչ խորհուրդ ունի այս օրը Ձեզ համար:

– Նախ այսօր ուղիղ երեք տարի է, ինչ կառուցվել է այս եկեղեցին, եւ վերականգնվել են մեր պապերի ավանդույթները: Մենք ուզում ենք հետեւողական լինել այդ ավանդույթներին եւ, որ մեր երեխաները նույնպես շարունակեն այն հիմքերը, որոնք դրվել են մեր ապուպապերի կողմից:

-Այսինքն այս այցելությունները պարբերական բնո՞ւյթ են կրելու:

-Կարծում եմ` այո, որովհետեւ արդեն երրերդ տարին է այս օրը մենք գալիս ենք, նշում ենք,  մատաղ ենք անում` բոլորի համար, որ բոլորի իղձերը կատարվեն, լինեն երջանիկ, առողջ, ամենակարեւորը` մարդասեր:

Այս հավաքույթներն օրինակ են մեր երեխաների, թոռների համար, որ շարունակեն այդ սովորույթները:  Կարծում եմ` այսօր այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը գտավ հանգստություն իր հոգու համար, կարծես հաղորդակից եղավ երկնային ուժերի հետ, որոնք միշտ մեզ բոլորիս օգնական են: Աստված տա, որ խաղաղություն լինի երկրի վրա, որ մարդիկ կարողանան սիրել, ներել եւ բարեկամություն անել:

Եվ իսկապես, սրանք հոգեւոր արժեքներ են, իսկ մնայուն են միայն հոգեւոր արժեքները:

 

Tags: , , , , ,

Իջեւանը երեկ եւ այսօր

Այս աշխարհում ամեն ինչ փոխվելու միտում ունի: Փոխվել է նաեւ Իջեւանը: «Այսօրվա Իջեւանն այլեւս նման չէ քսան տարի առաջվա Իջեւանին: Երբ շուրջբոլոր կանաչապատ էր, կային խաղահրապարակներ երեխաների համար, մաքուր էր եւ, որն ամենակարեւորն է, այդ ամենին հետեւող կար…»:

Սեդա տատիկն այնքան կարոտով էր պատմում այս ամենի մասին, որ թերեւս հանցանք կլիներ դրա մասին չգրելը: Թեյի սեղանի շուրջ նստած` զրուցում էինք, իսկ ես մտածում էի, որ ոչ մի բառ չկորցնեմ նրա պատմածից, գրեմ ու փոխանցեմ նաեւ իմ ընթերցողներին:

Նա կարոտով պատմում էր, որ քսան տարի առաջ Իջեւանը մի փոքրիկ դրախտավայր էր` փռված Աղստեւ գետի երկու ափերին: Հրապարակը հեքիաթային էր, ասֆալտապատ, գեղեցիկ ծաղիկներով:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այստեղ Իջեւանի շրջկոմի երկրորդ քարտուղար էր Ջեմմա Անանյանը: Նա արդարամիտ, շինարար ու  հայրենիքի  նկատմամբ հավատարմության մի  առանձնահատուկ շնորհով օժտված անհատականություն էր: Ծնունդով իջեւանցի, ամեն ինչ անում էր` Իջեւանը գեղեցկացնելու համար: Բակերում ծաղիկներ եւ ծառեր էին տնկվում, նստարաններ դրվում, խաղահրապարակներ կառուցվում…

Շաբաթը մեկ անգամ, գուցե նաեւ ավելի շատ, նա շրջկոմի աշխատակիցների հետ այցելում էր բակեր, ոտքով շրջում բակերով, գտնում թերացումները եւ իր մոտ նշումներ անում: Հաջորդ օրը գալիս էին եւ այդ թերացումները վերացնում:

Իսկ այսօր, թեպետ Իջեւանն ունի քաղաքի կարգավիճակ,- ասում է Սեդա տատիկը,- սակայն, այն չի կարելի քաղաք անվանել, այն քաղաքի եւ գյուղի մեջտեղում ինչ որ բան է…

Շինարարությունների թույլատրումից հետո, այստեղ քանդել են խաղահրապարակները եւ ավտոտնակներ կառուցել, միայն ավտոտնակներ չէ, ով ինչ ցանկացել, կառուցել է եւ բակերը կորցրել են իրենց նախկին տեսքը:

Այժմ քաղաքը շատ կեղտոտ է, կեղտոտ է նաեւ Աղստեւը, որի գետափի երկայնքով կառուցվել են խանութներ: Իսկ առաջ այդ խանութների փոխարեն կանաչ սլացիկ եղեւնիներ էին: Տարածքը միշտ մաքրվում էր: Բացի այդ, դասղեկներն իրենց աշակերտների հետ ամեն անգամ շաբաթօրյակ էին անում,- հիշում է սերունդներ դաստիարակած` նախկին ուսուցչուհին,-  խոտածածկն ասես գորգ լիներ, գետափը մաքուր…»:

«Քայլում էիր, կես մետր այն կողմ գետն էր, այնքան գեղեցիկ էր… ես երկար կանգնում էի կամուրջի վրա եւ հիանում այդ չնաշխարհիկ գեղեցկությամբ, իսկ այժմ… այժմ ամեն ինչ շատ կեղտոտ է:

Վերակառուցումից հետո աղբի համար մեքենաներ չկային, եւ մարդիկ իրենց աղբը գետն էին թափում… մեծ ցավով մենք տանում էինք աղբը եւ թափում գետը… ամեն անգամ, երբ ես պետք է աղբը թափեյի, ինձ շատ վատ էի զգում, մտածում էի, իսկ ինչ, եթե իմ աշակերտներն ինձ տեսնեն, ես նրանց սովորեցնում էի, որ պետք է մաքուր պահել գետը…»:

Այժմ շաբաթը երեք անգամ գալիս է աղբահավաք մեքենան, ազդանշան է տալիս, բնակիչներն իջեցնում են իրեց աղբը:

Կան նաեւ աղբամաններ, սակայն ոչ բոլորն են օգտվում դրանցից` նախընտրելով արդեն սովորական դարձած, «հեշտ» տարբերակը` իրենց աղբը թափում են Աղստեւ գետը:

«Կյանքը հրաշալի է…միայն թե մարդը պետք է կարողանա գնահատել իրեն շրջապատող գեղեցկությունը»:

P.S. Թեպետ լուսանկարել եմ Սեդա տատիկի թախծոտ աչքերը, սակայն, խոստացել եմ, չհրապարակել այդ նկարները…. Ցանկացավ իր աշակերտների հիշողության մեջ մնալ այնպիսին, ինչպիսին որ տարիներ առաջ էր… Այս աշխարհում ամեն ինչ փոխվելու միտում ունի…

Ջեննի Կազումյան

Իջեւան, 08.09.2011թ.

 

Tags: , ,

BookCrossing-ն այժմ նաեւ Հայաստանում

Պատահաբար սրճարանում, կանգառում  կամ հասարակական այլ վայրում չէ՞ք հանդիպել  ճանապարհորդող գրքերի: Եթե դեռ չեք հանդիպել, հոգ չէ, քանի որ BookCrossing-ը, հայերեն ասած` գրախաչմերուկը, Հայաստան է եկել բոլորովին վերջերս:

Իսկ ի՞նչ է BookCrossing-ը:

BookCrossing-ը` գրքերին մեկ ընթերցողից դեպի մյուսը ճանապարհորդելու հնարավորություն ընձեռող շարժում է: Իմաստը պարզ է. կարդացիր ինքդ, փոխանցիր նաեւ ուրիշին: Գրքին փակցվում են հատուկ պիտակներ, որտեղ նշված է, թե այդ գիրքը չի կորել, պարզապես այն յուրահատուկ գիրք է, որը շրջում է ամբողջ աշխարհով` ձեռք բերելով նոր ընկերներ: Այդտեղ նշվում է նաեւ, որ գիրքը գտնողը կարող է մտնել սոցիալական ցանց եւ ծանոթանալ, թե որտեղ է նախկինում եղել այդ գիրքը, ով է կարդացել այն եւ, որ ամենակարեւորն է, պետք է նշել, որ այն այժմ անվտանգ պայմաններում է: Ընթերցելուց հետո այդ մարդը նորից պետք է ազատ արձակի գրքին` թողնելով որեւէ հասարակական վայրում, որպեսզի այն շարունակի իր ճանապարհորդությունը:

Հետաքրքիր է, չէ՞: Եկեք տեսնենք, թե որտեղից է այս ամենը սկիզբ առել:

BookCrossing-ի գաղափարը սկիզբ է առել 2001 թվականի մարտին` Միացյալ Նահանգներում: Գործարար Ռոն Հորնբեյքերն իր կնոջ եւ մտերիմ ընկերոջ հետ կյանքի է կոչել այդ մտահաղացումը: Չորս շաբաթ անց` ապրիլի 21-ին, սկսել է գործել bookcrossing.com կայքը, որն ընդլայնվել եւ տարածվել է ամբողջ աշխարհով: Արդեն 2003 թվականի ապրիլին կայքն ունեցել է 113.000 անդամ: Իսկ 2004 թվականին Concise Oxford English Dictionaryին ( Oxford-ի հակիրճ անգլերենի բառարանը) նեռարել է  “bookcrossing” տերմինն իր էջերում:

Ներկայում bookcrossing.com կայքում գրանցված է 940,928 BookCrosser եւ 8,083,341  գիրք ճանապարհորդում է աշխարհի 132 երկրներով: Երկրների առավել ակտիվ եռյակը գլխավորում է ԱՄՆ-ն` 29%, Գերմանիան` 16% եւ Միացյալ Թագավորությունը` 13%:

Հայաստանում BookCrossing-ն ընդամենը 1 ամսական է, սակայն Facebook սոցիալական ցանցում արդեն ունի 500-ից ավել հետեւող:

«Շատ անգամ տարբեր մարդկանցից լսել էինք BookCrossing-ի մասին, որ արտասահմանում նման շարժում կա: Գաղափարը հետաքրքրել էր, որոշեցինք, որ Հայաստանում նույնպես կարելի է իրականացնել այն»,- նշում է BookCrossing Armenia նախաձեռնության հեղինակ Արման Ղազարյանը:

«BookCrossing-ի իմաստը նրանում է, որ շրջանառվեն հետաքրքիր գրքերը, այլ ոչ թե այնպիսիները, որոնք մարդկանց պետք չեն եւ նրանք պարզապես ուզում են ազատվել դրանցից: Եթե ձեզ մի գիրք շատ է դուր եկել, բաց թողեք այն, որպեսզի կարդան շատերը եւ այն կատարի իր առաքելությունը, այլ ոչ թե փոշոտվի ձեր գրապահարանում»,- ասում է Արմանը:

BookCrosser-ների նպատակն է գրքերի միջոցով միավորել մարդկանց եւ ամբողջ աշխարհը դարձնել մեկ մեծ գրադարան:

«BookCrossing Armenia-ն կմեծացնի մարդկանց մոտ կարդալու ձգտումը, դա մի տեսակ խաղի պես է, ինչն ավելի հետաքիքիր է դարձնում գործընթացը: Արդեն իսկ շրջանառվում է ամեն տեսակ գրականություն` տարբեր լեզուներով, կան նաեւ ուսուցողական գրքեր: Սկզբում պետք է այցելել Facebook սոցիալական ցանց եւ նշել, թե որտեղ եւ ինչ գիրք եք պատրաստվում ճանապարհորդության ուղարկել, այնուհետեւ` թողնել այդ գիրքը նշված վայրում»,-ասում է Արմանը:

Գիրքն ընթերցելուց հետո` այդ նույն սոցիալական էջում մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով: Հայաստանում ակտիվ են հիմնականում երիտասարդները, սակայն BookCrossing-ի համար տարիքային սահմանափակում չկա: Առաջիկայում կլինի նաեւ BookCrossing Armenia-ի կայքը:

Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ Հայաստանում, ի տարբերություն եվրոպայի, ավելի մեծ են ռիսկերը: Սա Արմանը կապում է` տրամադրվածության, հայկական մենթալիտետի հետ: Նրա խոսքով ժողովուրդն ասում է, որ գրքերը կարող է չծառայեն իրենց նպատակին եւ հայտնվեն ոչ բարեխիղճ մարդկանց ձեռքերում: Այս ամենից զերծ մնալու համար` հայ BookCrosser-ները նախընտրում են հատուկ տեղերում թողնել իրենց գրեքերը` գրախանութներում, սրճարաններում եւ այլ` BookCrossing-ի համար նախատեսված հատուկ պահարաններում:

«Իհարկե դրսում` ծառի տակ կամ նստարանին թողնելն ավելի հետաքրքիր է, որ պատահական անցորդը գա եւ գտնի գիրքը, սակայն հատուկ տեղերում թողնելն ավելի կօգնի եւ կազատի ռիսկերից,- նշում է մեր զրուցակիցն` ավելացնելով. – Հետագայում, երբ այս շարժումն ավելի շատ տարածում գտնի Հայաստանում, եւ մարդիկ սովորեն դրան, արդեն ռիսկերն ավելի քիչ կլինեն»:

Սիրելի ընթերցողներ, նոր կյանք տվեք Ձեր սիրելի գրքերին եւ մի թողեք, որ նրանք փոշոտվեն Ձեր գրապահարանում, ազատ արձակեք նրանց` փոխանցելով այլ ընթերցողների:

BookCrossing Armenia-յի էջը կարող եք գտնել Facebook սոցիալական կայքում` այցելելով այստեղ:

 «Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ»:

                                                                                      Ֆրենսիս Բեկոն

      Ջեննի Կազումյան

 

Tags: ,

«Ադրբեջանի այսօրվա վարքը չի կարող որեւէ վստահություն առաջացնել տարածաշրջանի մյուս դերակատարների մոտ»

Ashot GulyanՀարցազրույց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Պարոն Ղուլյան, Ադրբեջանի քաղաքագետներն Ադրբեջանի կողմից S-300 Favorite հակահրթիռային համակարգի ձեռքբերումը որակում են որպես պաշտպանվելու միջոց, ինչպե՞ս եք Դուք մոտենում այս հարցին:

 

– Ամեն դեպքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող բոլոր կարգի գործարքները, առավել եւս եթե դրանք կապված են զենքի մատակարարումների հետ, միշտ էլ որոշակի վտանգ ունեն խորքում` այդ նույն հավասարակշռությունը խախտելու տեսանկյունից: Եվ ես վստահ եմ, որ հենց այդ մտահոգությամբ է, որ տարբեր առիթներով եւ հայկական, եւ ռուսական, եւ միջազգային վերլուծաբաններ, փորձագետներ կասկածանք են հայտնում այդ նույն գործարքի օգտակարության մասին: Բնականաբար որեւէ մեկը չի կարող արգելել առանձին, ինքնիշխան պետության ռազմատեխնիկական համագործակցությանը, բայց միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահից սկսած այս փխրուն խաղաղությունը հաջողվել է պահել հենց այդ ռազմատեխնիկական հավասարակշռության շնորհիվ, որը չեմ կարծում` որեւէ մեկը կարող է կասկածի տակ դնել` այն փոխելու մտադրությամբ:

–  Քանի որ այն հակահռթիռային համակարգ է եւ ոչ Հայաստանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղը չունեն այդպիսի հռթիռային ռազմատեխնիկա, որոնց դեմ է նախատեսված S-300-ը, արդյոք իսկապե՞ս այն Իրանից պաշտպանվելու համար չէ:

–  Միշտ էլ կարելի է հիմնավորումներ գտնել, թե ում է վերաբերում դա, ինչի դեմ է եւ ինչից կարող է պաշտպանել, բայց նորից պետք է այդ փաստն ընդգծեմ, որ այսօր Ադրբեջանի կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը`իր ռազմական պոտենցիալն ավելացնելու առումով, ոչ միայն Ղարաբաղի հարցում այլ նաեւ  տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու տեսանկյունից նաեւ վտանգավորություն ունի իր մեջ, եւ, իհարկե, այդ մանրամասներից զատ, Ադրբեջանը մինչեւ այդ էլ արդեն խախտել է սովորական սպառազինությունների գծով եվրոպական համաձայնության բոլոր քվոտաները, եւ այն, ինչ որ անում է այսօր չի կարող որեւէ վստահություն առաջացնել տարածաշրջանի մյուս դերակատարների մոտ:

 

–  Ինչպե՞ս եք վերաբերում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Նրանք կարծես տատանվողական քաղաքականություն են վարում:

 

–  Ռուսաստանն այսօր շահագրգիռ կողմ է, չնայած ես կարծում եմ, որ այդ տեղեկատվությունն այս պահին ավելի շատ տեղեկատվական դաշտի համար է, ստուգելու համար, թե ինչպես են արձագանքում դրան տարածաշրջանի մյուս երկրները: Իսկ ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա ԱՄՆ-ը, ամեն տարի ֆինանսական օժանդակություն հատկացնելով հարավային Կովկասի երկրներին, միշտ էլ հաշվի են առնում այն հանգամանքը, որ դա չի կարող օգտագործվել տարածաշրջանում ձեւավորված հավասարակշռությունը խախտելու նպատակով:

Ջեննի Կազումյան

 
 

Tags: , , ,

 
%d bloggers like this: