RSS

Category Archives: Բանաստեղծություններ

Ամենավերջինը

Դու ինձ համար միակը,
Միակն ու անկրկնելին
Ու ես ընտանիքս,
Ու ես ինձ,
Ու ես կովին, ձիուն ու իմ փիսոյին,
Միշտ դրեցի երկրորդ, երրորդ և ինչո՞ւ չէ՝ տասներկուերորդ տեղում,
Միայն թե դու լինես առաջինը:
Առաջինը պահեցի քեզ համար
Դու եղար առաջինը գրեթե ամեն ինչում.
Սրտիս անկյունները պահեցի քեզ համար,
Կենտրոնում դրեցի քեզ,
Եզրերում գրեցի քո անունը,
Քո անունն ամենուրեք իմ մեջ,
Իմ մեջ, աչքերիս մեջ, ականջներիս մեջ,
Դու իմ մեջ
Ես, ես չեղա առանց քեզ,
Առանց քեզ ես չեղա էլ
Երբեք չեղա քեզ համար առաջինը,
ճամփաս չանցավ քո սրտի միջով.
Նախ եղավ քո ընտանիքը, քո ձին ու կովը, կատուն, աղջիկները, հետո միայն եկա ես,
Ես եկա, երբ արդեն տեղ չկար,
Տեղ չկար ու ոտքի վրա պիտի սպասեի,
Սպասեի այնքան, մինչև բոլորը գնային ու վերջերում մի տեղ՝
սրտից դուրս,
մի քիչ վերև՝
կոկորդիդ կանգնեի,
սպասեի, սպասեի…

Ես քեզ համար երբեք չեղա առաջինը, երկրորդը, երրորդը ու, ավաղ, տասներկուերորդն էլ չեղա:

Անահիտ Հայրապետյան

 

Tags: ,

Լաց էլ կա, լաց էլ

Մեկը լալիս է նորածնի պես՝

Ճչում է, սակայն…արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում

Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ ինձ նման (գուցե նաև՝ քո),

Բարձր ճչալու սովոր չէ բնավ,

Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,

Այլ հոսում են ներս

ՈՒ կիտվում դանդաղ

Չեչաքարի պես ծածկված սրտում:

Պարույր Սևակ

 

Tags: ,

Վենետիկ, Ռիալտոյի կամուրջը մայրամուտին

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին՛

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Ավետիք Իսահակյան

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: