RSS

Category Archives: Առողջապահություն

Գեղեցիկ եւ ամուր եղունգեր` 15 րոպեում

եղունգների խնամքՑանկացած կնոջ համար կարեւոր է ունենալ գեղեցիկ եւ խնամված եղունգներ: Եթե չունեք շատ ժամանակ, առաջարկում եմ 15 րոպեի ընթացքում ստանալ ցանկալի արդյունքը:

Դրա համար ահնրաժեշտ է 1 ճաշի գդալ աղը խառնել 1 թեյի գդալ արեւածաղկի ձեթի հետ, մերսել եղունգեները 5 րոպե, այնուհետեւ լվանալ գոլ ջրով:

Թասի մեջ լցնել 2 ճաշի գդալ օսլա, բացել այն մեկ բաժակ գոլ ջրով եւ 10 րոպե պահել ձեռքերն այդ լուծույթի մեջ:

Այնուհետեւ, պետք է սնուցող կրեմ քսել ձեռքերին: Հեռացնել եղունքների կողքի կոշտացած մաշկը եւ խարտոցով հավասարեցնել եղունգները:

Մնում է միայն լաք քսել եւ հիանալ գեղեցիկ տեսքով:

Փորձելուց հետո անպայման կիսեք մեզ հետ Ձեր կարծիքը: Օգտակա՞ր էր արդյոք նյութը: Ձեզ դո՞ւր եկավ արդյունքը:

Եթե այո, անպայման պատմեք այս մասին ձեր ընկերներին:

 

 

Tags: , , ,

Փոքրիկ Սիրանուշի նամակը` քաղաքապետին

Այսօր համացանցում աչքովս ընկավ այս աղջնակի նամակն` ուղղված քաղաքապետին: Նամակը տեղադրված էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության` «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագիրը կրող ակցիայի ֆեյսբուքյան էջում: Այս ակցիայի նպատակն է քաղաքապատերանի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար անխոչընդոտ միջավայրի ստեղծմանը:

Որոշեցի ինձ մոտ էլ հրատարակել փոքրիկի նամակը, հույսով եմ` այն կհասնի հասցեատիրոջը եւ կծառայի իր նպատակին… Ստորեւ ներկայացնում եմ այդ նամակն` առանց որեւէ փոփոխության.

«Հարգելի պարոն քաղաքապետ,

Իմ անունը Սիրանուշ է: Ես 12 տարեկան եմ, սովորում եմ Գայի անվան թիվ 129 դպրոցի 5-րդ դասարանում: Նաև Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի եմ, դաշնամուր եմ նվագում: Ես շատ եմ սիրում երգել, նկարել, երազել, սիրում եմ ընկերներիս և իմ ընտանիքը: Բայց ամենաշատը ես սիրում եմ զբոսնել, այցելել տարբեր հետաքրքիր վայրեր, մշակութային և կրթական օջախներ: Ես հայ եմ և շատ եմ սիրում իմ Երևանը: Այն այնքան գեղեցիկ և նոր է ինձ համար: Ես երազում եմ զբոսնել Երևանի փողոցներով, լինել այգիներում ու պուրակներում,… Բայց, ցավոք, ինձ համար դա շատ դժվար է, քանի որ ես անվասայլակ եմ օգտագործում և ինքնուրույն չեմ կարողանում տեղաշարժվել:

Մայրիկս ինձ փորձում է տանել ամեն տեղ անվասայլակով, բայց դա շատ բարդ է մեր սիրելի Երևանում: Մեր փողոցները հարմարեցված չեն սայլակով տեղաշարժվելու համար: Առաջին հայացքից շատ վայրերում կան թեքահարթակներ, բայց դրանց մեծամասնությունը շատ անհարմար է: Շատ դժվար է նաև սայլակով տեղաշարժվել առանց մայթերի փողոցներով, շատ անգամ մայրիկս հրում է սայլակը հենց մեքենաների արանքներով, որովհետև մայթերը քանդված են: Մենք ամեն օր անցնում ենք DE LYUX ռեստորանի մոտով, և այնքան ծանր է մայրիկիս բազմաթիվ աստիճանները հաղթահարել փողոցի երկայնքով, ոչ մի թեքահարթակ չկա:
Չնայած փողոցների վատ պայմաններին, մայրիկս ինձ հաճախ է տանում զբոսանքի սայլակով, և ես շատ եմ ուրախանում, տեսնելով գեղեցիկ պարիսպներ և ծաղկանոցներ, բայց տխրում եմ, երբ հասկանում եմ, որ կառուցողները կրկին մոռացել են իմ և իմ նման շատերի մասին, և ստեղծելով գեղեցիկը, ոչ միայն անտեսել են թեքահարթակները, այլ նաև փակել են նախկինում եղած փոքր հարմարությունները: Մենք շատ հաճախ ենք անցնում նաև Արաբկիրով, գնում ենք տատիկի տուն, այնտեղ շատ գեղեցիկ է ամենը, բայց մայրիկը միշտ նեղվում է, որովհետև միակ փոքրիկ արանքը, որով մենք միշտ անցնում էինք սայլակով, փակել են, և հիմա մայրիկս ամեն անգամ բարձրացնում է սայլակը անցնելու համար:
Շատ վիրավորական է, երբ փողոցներում, եթե նույնիսկ կան թեքահարթակնեն, նրանց առջևը փակած է լինում մեծ ժամանակակից մեքենաներով, և մայրիկը ստիպված բարձրացնում է սայլակը: Ես բացարձակ չեմ օգտվում քաղաքային տրանսպորտից, որովհետև այն հարմարեցված չէ սայլակների համար, միայն հատ ու կենտ տաքսիները համաձայնվում են մեզ տեղափոխել, որովհետև իմ սայլակը չի տեղավորվում նրանց բեռնախցիկում: Շատ բազմաթիվ են իմ ու իմ նմանների խնդիրները մեր քաղաքում, բայց ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ, ՄԵՆՔ ԵԼ ԵՆՔ ՆՐԱ ԶԱՎԱԿՆԵՐԸ, և մենք ակնկալում ենք, որ Այն էլ մեզ կսիրի, կհիշի ու հոգ կտանի իր զավակների համար:
Հարգանքով` Սիրանուշ»:
 

Tags: , , ,

Հեպատիտների մասին իրազեկման համաշխարհային օրը եւ հայկական ԶԼՄ-ների անտարբերությունը

Հեպատիտների դեմ պայքարի միջազգային օրը (World Hepatitis Day) նշվում էր մայիսի 19-ին, սակայն արդեն երկրորդ տարին է` Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ն է հայտարարել որպես հեպատիտների դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է. «Սա հեպատիտն է, այն ավելի մոտ է, քան դու կարծում ես»:

Այս կապակցությամբ Պաթոլոգիական ֆորումը, «Պրոմ-Տեստ» լաբարատորիայի հետ համատեղ, կազմակերպել էր ակցիա, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն էին ստացել՝ հեպատիտ C-ի ախտորոշման համար անվճար արյուն հանձնել:

Ակցիային միացել էր «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային կապի օպերատորը, որը դրանից 2 օր առաջ կարճ հաղորդագրություններ էր ուղարկել իր բաժանորդներին` իրազեկելով օրվա եւ ակցիայի մասին, ինչպես նաեւ` «Աշտարակ կաթ» ընկերությունը, որն անվճար պաղպաղակներ էր բաժանում` արյունը հանձնելու իրենց հերթին սպասող քաղաքացիներին:

Այդ օրը շուրջ 250 մարդ էր եկել` օրվա կապակցությամբ անվճար արյուն հանձնելու:

Հատկանշական էր, որ այս իրադարձությունը եւ ոչ մի ԶԼՄ լուսաբանելու չէր եկել:

«Առհասարակ, ես չեմ կարծում, թե ավելի կարեւոր միջոցառումներ են նկարահանվում կամ լուսաբանվում: Սա շատ կարեւոր միջոցառում էր, սակայն, ինչպես տեսնում եք, ԶԼՄ-ները բացակայում են»,- ինձ հետ զրույցում նշեց Արմենիկում բժշկական կենտրոնի բժշկական ծառայության ղեկավար, վարակաբան Վիլոլետա Ալբերտովնա Սարգսյանը:

Եւ իսկապես, ինձ համար տարօրինակ է, թե ինչո՞ւ այս իրադարձությունն այդպես էլ որեւէ կերպ չլուսաբանվեց: Չէ որ հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրն էր, որի նպատակը հենց վիրուսային հեպատիտի բնույթի եւ նրանից առաջացող հիվանդությունների մասին իրազեկման բարձրացումն էր: Ինչեւէ, կարծում եմ եւ ոչ մեկի համար արդեն վաղուց գաղտնիք չէ մեր հայկական ԶԼՄ-ների գործելաոճը եւ նրանց լուսաբանած «հույժ կարեւոր» լուրերը:

Եկեք վերադառնանք օրվա խորհրդին եւ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հեպատիտ C-ն:

Այսպես, հեպատիտ C-ն վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի երկարատեւ ախտահարմամբ, նրա ֆունկցիայի խանգարմամբ` հանգեցնելով լյարդի ցեռոզի եւ լյարդի քաղցկեղի: Ամբողջ աշխարհում այս վիրուսով վարակված է շուրջ 180 միլիոն մարդ:

Հեպատիտ C-ն հայտնի է նաեւ «քնքուշ մարդասպան» անվամբ, քանզի այն երկար տարիներ ընթանում է առանց որեւէ ախտանիշների կամ տարբեր հիվանդությունների «դիմակի» տակ եւ հաճախ մնում է չախտորոշված (70% դեպքերում):

Հեպատիտ C-ով կարելի է վարակվել չախտահանված բժշկական գործիքների միջոցով, վարակված արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկմամբ, ուրիշի եղունգների հարդարման կամ սափրվելու պարագաները, ատամի խոզանակներն օգտագործելիս, պիրսինգի կամ դաջվածքի պարագաների միջոցով, սեռական ճանապարհով` վարակված անձի հետ կենակցելիս, այն անցնում է նաեւ վարակված մորից նորածին երեխային` ծննդաբերության ընթացքում:

Այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, սննդամթերքի միջոցով, կենցաղային շփման միջոցով:

Առավելապես վտանգված են ներարկային թմրամոլները (նարկոմանները), հիվանդների արյան հետ առնչվող բուժաշխատողները (վիրաբույժնեերը, ատամնաբույժները, մանկաբարձները, բուժքույրերը, լաբորանտները եւ այլն), արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկում երբեւէ ստացած անձինք, վարակակիր մորից ծնված երեխաները, վարակակրի հետ անպաշտպան սեռական շփում ունեցած անձինք:

Եկեք տեսնենք, թե ինչպես է ընթանում այս հիվանդությունը:

6-8 շաբաթ միջին տեւողությամբ գաղտնի շրջանից հետո միայն 15-20 % դեպքերում են ի հայտ գալիս հիվանդության նշաններ` թույլ արտահայտված դեղնուկ, լյարդի մեծացում, ցավեր աջ թուլակողում, տենդ, ախորժակի անկում, մեզի  գույնի մգացում եւ այլ: 75-80% դեպքերում հիվանդությունն ի սկզբանե ստանում է թաքնված քրոնիկ ընթացք: Հիվանդը տարիներ շարունակ մնում է անտեղյակ իր հիվանդության մասին եւ հայտնաբերում է այն պատահական հետազոտության ժամանակ կամ երբ լյարդի հյուսվածքում անդարձելի փոփոխությունների արդյունքում ի հայտ են գալիս ֆունկցիոնալ խանգարման նշաններ: Հեպատիտ C-ն հաճախ քողարկվում է այլ հիվանդությունների «դիմակի» տակ եւ արտահայտվում է ընդհանուր ախտանիշներով` ընդհանուր թուլություն եւ հոգնածություն, ախորժակի բացակայություն, տրամադրության անկայունություն, մաշկի եւ լորձաթաղանթների տարբեր տեսակի ախտահարումներ, հոդացավեր եւ մկանացավեր, շաքարային դիաբետ, վահանագեղձի հիվանդություններ, արյան համակարգի հիվանդություններ, երիկամների ախտահարումներ եւ այլ:

Հեպատիտ C-ն ախտորոշվում է արյան լաբորատոր հատուկ քննության միջոցով` վիրուսային հակամարմինների որոշում (հակա-HCV) եւ վիրուսի հայտնաբերում (HCV PCR թեսթի միջոցով):

Բուժելի է արդյո՞ք քրոնիկ հեպատիտ C-ն:

Այո, այսօր արդեն այն բուժելի է: Բուժումն ուղղված է վիրուսի վերացմանը, ինչպես նաեւ լյարդի ցեռոզի, լյարդի անբավարարության եւ լյարդի քաղցկեղի առաջացման նվազեցմանը: Բուժման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս հասնել դրական արդյունքի 60-90% դեպքերում: Բուժման արդյունավետությունը կախված է  տարիքից, վարակվածության տեւողությունից, վիրուսի քանակից, նրա գենոտիպից, ավելորդ քաշից, ալկոհոլի չարաշահումից, լյարդի ֆունկցիոնալ վիճակից եւ այլն:

 Ի՞նչ կլինի, եթե չդիմել բժշկի:

Վարակվածենրի մեծամասնության մոտ զարգանում է լյարդի քրոնիկ բորբոքում, որը տարիների ընթացքում բերում է լյարդի քայքայման: 15-20 %-ի դեպքում լյարդի բորբոքումը վեր է ածվում լյարդի ցեռոզի կամ լյարդի քաղցկեղի:

Ինչպե՞ս կարելի է խուսափել վարակումից:

Պետք է օգտագործել միայն միանգամյա օգտագործման ասեղներ, ներարկիչներ եւ ճիշտ ախտահանված բժշկական գործիքներ ու պարագաներ: Խուսափել չախտազերծված բժշկական գործիքներով ականջները դակելուց եւ դաջվածքներ անելուց: Չօգտագործել ուրիշի անձնական հիգիենայի պարագաները (ածելի, ատամի խոզանակ, մկրատ եւ այլ): Խուսափել պատահական սեռական հարաբերություններից, հատկապես ռիսկային սեռական վարքագիծ ունեցող անձանց հետ, հետեւողականորեն օգտագործել պահպանակներ:

Եւ ամենակարեւորը, պետք չէ խուճապի մատնվել, պարզապես պետք է զգույշ լինել եւ պարբերաբար բուժզննում անցնել: Հայավարի չթողնել մինչեւ դանակը հասնի ոսկորին:

Եղեք առողջ եւ իրազեկված:

Ջեննի Կազումյան

 

Tags: , , ,

 
%d bloggers like this: